Օգոստոսին BRICS-ի գագաթնաժողովում տեղին չէ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող երկրների ղեկավարների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ օգոստոսին Հարավային Աֆրիկայում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը ներկա գտնվելու ցանկությանը, փոխանցում է RIA Novosti-ն։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հրավիրյալների շրջանակը պետք է որոշի հյուրընկալող կողմը, սակայն դրան պետք է նախորդեն ԲՐԻԿՍ-ի բոլոր մասնակիցների խորհրդակցությունները։

«Հասկանալի է, որ պետության ղեկավարները, որոնք մեզ համար նման թշնամական և անընդունելի քաղաքականություն են վարում, այնքան ընդգծված և համոզված պնդումով, որ Ռուսաստանը միջազգային մեկուսացման կարիք ունի։ Նման առաջնորդը չպետք է ԲՐԻԿՍ-ի հյուրը լինի»,- պարզաբանել է դիվանագետը:

Ռյաբկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի թաքցնում այս մոտեցումը և այդ մասին ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության իր գործընկերներին։

«Մենք ակնկալում ենք, որ մեր տեսակետն ամբողջությամբ կընդունվի»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հաստատել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը կցանկանար հրավեր ստանալ ԲՐԻԿՍ-ի հաջորդ գագաթնաժողովին, որը նախատեսված է օգոստոսի 22-24-ը՝ Յոհանեսբուրգում։