Եվրամիությունը (ԵՄ) կոչ է անում դեէսկալացիայի ենթարկել Մերձավոր Արևելքը Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի հարվածներից հետո: Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը կաթսա է, որը ցանկացած պահի կարող է պայթել։ Մենք բոլորին կոչ ենք անում դեէսկալացիայի ենթարկվել, մենք կրիտիկական իրավիճակ ենք ապրում»,- ասել է նա լրագրողներին ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Այա Լաբիբը հավելել է, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի հակամարտությունն ավելի չտարածվի։