«Ձեռնարկատիրական ապօրինի գործողությունների իրականացման հիմքով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հարցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին դիմած «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանն այսօր հայտնեց, որ Հայաստան ՀԴՄ կտրոններ ներկրող ընկերությունը՝ «Ալեքսսերվը» կապվում է Գագիկ Խաչատրյանի հետ, բայց վերոնշյալ էթիկայի հանձնաժողովը հերքել է այն»- գրում է tert.am-ը։

«Մենք, հղում անելով մամուլի հրապարակումներին, հարցում ուղղեցինք հանձնաժողով՝ խնդրելով տալ պատասխան, թե արդյոք Գագիկ Խաչատրյանի՝ օլիգարխ լինելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը, և թե արդյոք Գագիկ Խաչատրյանը դիմե՞լ է հանձնաժողովին շահերի բախման հետ կապված։ Մենք ստացանք այն պատասխանը, ինչը որ ակնկալում էինք»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ գոհացուցիչն այն է, որ հանձնաժողովը որոշակի աշխատանքներ իրականացրել է, բայց այդ աշխատանքները հեռու են բավարար լինելուց։

Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հանձնաժողովի քննարկման են ներկայացրել տասը ընկերությունների ցուցակ, որոնք կապված են Գագիկ Խաչատրյանի անվան հետ, սակայն նա նշեց ընդամենը վեց ընկերության անուններ՝ «Ապերոն», «Մեգամոթորս», «Մեգաֆուդ», «Մեգասպորտ», «Յուքոմ», «Ֆոնոգրաֆ», որոնցից առաջին երկուսը նրա որդիներինն են, իսկ մյուսները հորեղբոր և հորաքրոջ որդիներինը։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ վերջին չորս ընկերությունների հետ կապված Գագիկ Խաչատրյանը չի գտնվել շահերի բախման ոլորտում։

Հերիքնազ Տիգրանյանի փոխանցմամբ՝ սա միակ վարույթն է շահերի բախման կտրվածքով, իսկ կենտրոնը ձեռնարկատիրական ապօրինի գործողությունների իրականացման հիմքով նաև այլ պաշտոնյաների հարցերով է դիմել հանձնաժողովին։