Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ի այսօրվա
համարում գրել է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրը մեջ
խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին։ Ընդ
որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան
փաստարկներ, օրինակ՝ «Սևանը մերն է, Երևանը
մերն է, Զանզեզուրը մերն է» և նման այլ
անհեթեթություններ։ Եթե հայաստանյան որևէ
լրատվամիջոց մեջբերում է հարևան երկրի
ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային
դավաճանությո՞ւն է նշանակում։ Ինձ թվում է՝ ոչ,
որովհետև մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի
ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը։
Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք
բերելու կապակցությամբ։ Այդպես է Ալիևը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք
Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին։ Մի կողմ թողնենք, որ մենք չպիտի «փնթփնթանք» ոչ
մի ազգի և ո՛չ մի պետության հասցեին, իրենք իրենց շահերն ունեն, մենք՝ մերը։ Բայց ռուսների հասցեին
կշտամբանքները «խուճապ» անվանելը, ինձ թվում է, նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ։
Յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ունեցող մարդ գիտի, որ ԱՄՆ-ը շատ ավելի ժամանակակից զենք
ուներ, քան Վիետնամը, իսկ Խորհրդային Միությունն իր զինատեսակներով գերազանցում էր
Աֆղանստանին, բայց այդ երկու երկրներում գերտերություններն առանձնապես հաջողությունների չեն
հասել։ Ինչո՞ւ։ Որովհետև պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով»։
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: