Lragir.am - Ռուսաստանի դեսպանատունը երեկ տարածել է հայտարարություն, որում գործնականում հերքել է ավելի վաղ Հայաստանի ոստիկանության տեղեկատվությունն այն մասին, թե քաղաքացիական ակտիվիստները փորձել են թափանցել դեսպանատան տարածք:
Այսօր հայտարարություն է տարածել Հայաստանի ոստիկանությունը, որում նշվում է, որ իր տեղեկատվության մեջ նշել էր, թե եղել է ոչ թե դեսպանատան, այլ դեսպանատանը հարակից՝ հայկական հատուկ ծառայությունների կողմից պահպանվող տարածք թափանցելու փորձ:
Ի՞նչ է եղել իրականում:
Այլ պետության դեսպանատան տարածք ներխուժումը կամ դրա փորձը միջազգային պրակտիկայում գնահատվում է որպես ագրեսիա տվյալ պետության դեմ: Փաստացի, Հայաստանի ոստիկանությունը ասում է, որ տեղի է ունեցել թեկուզ ոչ գիտակցված, սակայն ագրեսիայի փորձ (թեեւ ակտիվիստները պարզապես ցանկացել են լուսանկարել դեսպանատունը, ըստ նախնական վարկածի):
Ռուսաստանի դեսպանատունն ուղղել է այդ սխալը, հայտարարելով, որ ներխուժում, ըստ այդմ՝ ագրեսիա չի եղել: Ոստիկանությունն էլ, ուսումնասիրելով հանգամանքները, համաձայնվել է դրա հետ:
Սակայն այս պատմության մեջ կարեւոր է ոչ այնքան Հայաստանի ոստիկանության քաղաքական անգրագիտությունը, որքան այն, որ Ռուսաստանի դեսպանատան մոտ ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում բողոքի ակցիաներ: Ակցիաներ եղան գազի գնի, հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ: Վերջինը կապված էր քաղաքապետարանի տրանսպորտային չինովնիկների հրաժարականի պահանջի հետ:
Երեւանի քաղաքապետարանը, որի մոտ տեղի է ունենում ակցիան, մոտ է Ռուսաստանի դեսպանատանը: Ակտիվիստները փորձել են լուսանկարել դեսպանատունը, սակայն նրանց թույլ չեն տվել: Ոչ մի ներխուժում, ինչպես ասում են ականատեսները, չի եղել: Եւ հասկանալի չէ, թե ինչից ելնելով է ոստիկանությունը նման հաղորդագրություն տարածել: Գուցե նրա համար, որ ցույց տա «հավատարմությունը» ռուսական դեսպանատանը, կամ էլ գուցե սադրանք էր:
Ակնհայտ է, որ նման միջադեպերը, ինչպես նաեւ սադրանքները հաճախ կարող են լինել, քանի որ հայերն ավելի ու ավելի շատ հարցեր ունեն Ռուսաստանին: Այս անգամ սկանդալից հաջողվեց խուսափել, ի դեպ՝ շնորհիվ դեսպանատան զուսպ դիրքորոշման: