lragir.am  Խորհրդարանը քիչ առաջ լսեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ներկայացրեց նախագահ ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս առիթով մի անեկդոտ պատմեց. «ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցություն նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ԱՄՆ ուղարկում է Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Սարգսյանին զանգում է Օբաման ու ասում՝ քո արածն արած է, ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել։ Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը և օգտագործում է բանահյուսության մեջ»:

 

Պատգամավորի խոսքով՝ ընտրախախտումների հարցը շատ կարևոր պետական հարց է, որի ֆոնին Տիգրան Մուկուչյանի կերպարն ահա այսպիսինն է։
«Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն ինչ դուք ասացիք իմ հասցեին, կարծում եմ դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին՝ ու հեռու է մինչև մարդը իր ճամփան»,- Փաշինյանին պատասխանեց Տիգրան Մուկուչյանը։