PanARMENIAN.Net  22 գրոհային է զոհվել Հոմսում «Ջաբհաթ ան Նուսրա» և ապստամբների այլ խմբավորումների բախման հետևանքով, հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, մարտը տեղի է ունեցել Բաբ Հուդի շրջանում:

 


Ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԱԽ-ն «Ջաբհաթ ան Նուսրա» ընդդիմադիր խմբավորումն ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում միջազգային ահաբեկչական ցանցի՝ «Ալ Քայիդայի» հետ կապերի համար: 2012թ. դեկտեմբերի սկզբին «Ջաբհաթ ան Նուսրան» ընդգրկվեց ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
«Ջաբհաթ ան Նուսրան» ստանձնել է Սիրիայում մի քանի ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը՝ հարձակումը Դամասկոսի հեռուստակենտրոնի վրա, մի շարք լրագրողների սպանությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 


«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն կոչում են «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում, կազմակերպության անդամները ժխտում են դա, սակայն հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին:

 


Սկզբնական շրջանում կազմակերպությունը համագործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է Սիրիայի գործող կառավարությանը:

 


Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլ նաև ողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

 


Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ապստամբներն ու նրանց արևմտյան և արաբ դաշնակիցները օգոստոսի 21-ի քիմիական գրոհի մեղքը բարդում են Բաշար Ասադի ռեժիմի վրա, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: