«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2013թվականի հունիսի 7-ի որոշմամբ չեղյալ է համարել 2009թվականի սեպտեմբերի 15-ի N220-Ա որոշումը, որն արգելում էր թուրքական և ադրբեջանական ծագմամբ կենդանական և բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետություն: Թերթը հիշեցնում է նաև, որ իր հրապարակումներից մեկում գրել էր, որ գյուղնախարարի հրամանից հետո Թուրքիայից բերվել էին կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ, սակայն լաբորատոր փորձաքննության ենթարկվել էին միայն մաստակները:

 

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ ստացվում է, որ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից համապատասխան վերահսկողություն չի իրականացվել, ինչի պատճառով էլ գյուղնախարարը չեղյալ է համարել իր որոշումը: Սակայն սա ունի մեկ այլ պատճառ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերգո Կարապետյանի և ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի աշխատանքային հարաբերություններն ի սկզբանե լարված են: Ավելին, Բախչագուլյանը նույնիսկ չի մասնակցում ԳՆ-ում անցկացվող նիստերին և սրտատրոփ սպասում է այն օրվան, երբ ծառայությունը կառանձնացվի ԳՆ կազմից: Եվ ահա երկու պաշտոնյաների կռվից տուժում է սպառողը: