Tert.am Չեռնոգորիան հույս ունի մոտ ժամանակում անդամակցել ՆԱՏՕ-ին և դրա համար անհրաժեշտ բարեփոխումներ է իրականացնում, հայտնել է վարչապետ Միլո Ջուկանովիչը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 68-րդ նիստի ընթացքում, գրում է РИА Новости-ն։
«Մենք հակված ենք եվրաատլանտյան անդամակցությանը։ Համարելով, որ շատ շուտով մենք կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ՝ լրջորեն աշխատում ենք «ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ պլանի» իրագործման ուղղությամբ և բարեփոխումներ ենք անցկացնում»,- ասել է Ջուկանովիչը։
Նրա գնահատականով, ՆԱՏՕ-ին անդամակցելը կնպաստի Բալկանյան շրջանում կայունության ամրապնդմանը, որի «ծանր անցյալը մասամբ կապված է անվտանգության ոլորտում ուժեղ միջոցների բացակայության հետ»։
Չեռնոգորիայի վարչապետը ՆԱՏՕ-ին անդամակցելը՝ Եվրոպական միությանն անդամակցելու հետ զուգահեռ, անվանել է երկրի արտաքին քաղաքականության համար առաջնային հարց։
Չեռնոգորիան՝ 626 հազ. բնակչությամբ, նախկին Հարավսլավիայի ամենափոքր հանրապետությունն է։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 2006-ին։