Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Ոստիկանությունն արդեն պարզել է, որ մահացածը Նուբարաշեն թաղամասի 6-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Արտիկ Սարգսյանն էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գայի պողոտայից դեպի Մոլդովական փողոց ընթանալիս, խաչմերուկում վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վրաերթի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը 15 րոպե զննելով վրաերթի ենթարկվածին՝ չէին կողմնորոշվում. տղամարդը, ով կլիներ մոտ 30 տարեկան, կենդանի էր՞, թե՞ մահացած, և միայն 15 րոպե անց նրան տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոցում հրաժարվել են մահացածի դին ընդունել՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ մահացածին չպետք է տեղափոխեին դեպքի վայրից, մինչև չժամանեին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ճանապարհային ոստիկանությունը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները և դատական բժիշկը:

 

Հիվանդանոց էին մեկնել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, իսկ դեպքի վայրում էին գտնվում Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը և ՃՏՀ քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վրաերթը կատարվել էր Jeep մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, ու այդ պահին ոստիկանությունը փորձում էր պարզել մահացածի և վրաերթը կատարած վարորդի ինքնությունը և տրանսպորտային միջոցը:

 

Վրաերթի վայրում աշխատում էր նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: 

 

 

 

shamshyan.com