Ազգային գրադարանի և այլ «ատկատների» գործով դատարանն այսօր սկսեց վկաների հարցաքննությունը: Այս փուլին նախորդել էր գործի գրավոր ապացույցների հետազոտումը, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վարազդատ Առաքելյանը դժվարացավ դատարանին հայտնել, թե կոնկրետ որոնք են նրա աշխատանքային պարտականությունները: Հարցը երկար «ծամծմելուց» հետո վկան հայտնեց, որ ստուգում են կատարված աշխատանքները՝ կատարողական ակտերի հիման վրա:

 

Եթե հանձնարարություն լինում է, լինում են շինհրապարակում, ստուգում, թե շինարարության ծավալները համապատասխանո՞ւմ են կատարողական ակտերում ներկայացվածին, թե՝ ոչ: Սակայն ոչ բոլոր դեպքերում: Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքները նույնպես տեղում չի ստուգել, այլ կատարողական ակտերն է ստուգել: Վկայի պարզաբանմամբ՝ բացի իրենցից՝ կա նաև տեխնիկական հսկողության մարմին, որն, ըստ վկայի, ավելի երկարատև հսկողություն է իրականացնում օբյեկտներում:

 

Վկային լսելով՝ դժվար էր հավատալ, որ Հայաստանն ինքնիշխան, անկախ երկիր է, պարբերաբար հնչում էին օտարալեզու հասկացություններ, մասնավորապես, տեխնիկական հսկողությունը համառորեն հնչում էր որպես «տեխնադզոր»:

 

Վկա Աշոտ Աբգարյանը վերոհիշյալ մարմնի ներկայացուցիչ էր՝ տեխհսկիչ, ով իրականացրել է ստուգումներ Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում. եթե շինհրապարակում շեղումներ ու թերություններ էին նկատում, բանավոր զգուշացնում էին, թերությունները վերացնում էին: Ստուգումների ժամանակ ընդամենը ֆիքսում էին, օրինակ, որ մետաղապլաստե պատուհաններ են տեղադրվել, սակայն չէին արձանագրվում, թե, օրինակ, որ երկրի արտադրության են դրանք:

 

Վկան, ի դեպ, սովորական վկա չէր, նա ևս գործում ներգրավված է եղել որպես մեղադրյալ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ի պատասխան մեղադրող կողմի հարցի՝ թե «Ձեր գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնե՞լ եք», վկան հաստատական պատասխան տվեց:

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը վկաների դատակոչի ցուցակը լրացնելու մասին, թեև թվով ութ վկաների ցուցմունքները մեղադրական եզրակացությունում նշվում են որպես ապացույցներ, սակայն մեղադրող կողմը վկաներին չի ընդգրկել դատակոչի ցուցակում: Վկաները կծանուցվեն ու կհրավիրվեն դատարան՝ հարցաքննության:

 

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը դրական եզրակացություններ է տվել՝ 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:

 

Դրա հետևանքով՝ ըստ մեղադրական եզրակացության՝ «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։

 

Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11.010.020 դրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

 

Իսկ «Ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ՝ 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ Էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։

 

Գոռ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»