Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային ձեռագիրը չի փոխվում: Այս երկիրն արդեն որերորդ անգամ փորձում է աշխարհին ներկայանալ իր բարեպաշտական դիմակով, որի տակ, սակայն վաղուց արդեն նկատվել են ոչ միայն նրա վայրի կեցվածքը, այլև անմեղ զոհերի արյան մեջ շաղախված ձեռքերը:

 

Հերթական անգամ Ադրբեջանը գերի ընկած հային փորձում է ներկայացնել իբրև իր հայրենիքի սահմանները կամովին լքած և թշնամու թևի տակ իբր ապահով ապաստան գտած մեկի:

 

Այս գործելաոճը, սակայն, վաղուց արդեն սպառել է իր արժանահավատությունը: Առաջին անգամ չէ, որ ազերիների ձեռքն ընկած գերին հայտնվում է ադրբեջանական հեռուստաընկերությունների եթերում ու պատմում, թե որքան վատ էր իր կյանքը Հայաստանում: Օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում Ադրբեջանական տարածքում հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մասին հստակ տեղեկատվություն ՀՀ-ը և զինվորի հարազատներն ունեցան միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի հեռուստաընկերություններից մեկի նկարահանած հարցազրույցը նրա հետ հայտնվեց մամուլում:

 

Հայ զինվորի անհետանալուց հետո անցել է արդեն 5-6 օր, սակայն միջազգային կառույցները որևէ գործողություն չեն ձեռնարկել ոչ միայն նրան գերությունից վերադարձնելու, այլև նույնիսկ նրա գտնվելու վայրն ու կարգավիճակը ճշտելու ուղղությամբ: Ադրբեջանի իշխանություններն ուղղակի արհամարհում են Կարմիր Խաչին և «ժամանակ» չեն գտնում հայ ռազմագերու հետ հանդիպում կազմակերպելու համար։ Փոխարենը կազմակերպում են նրա հարցազրույցները՝ ադրբեջանական լրատվամիջոցներին՝ կարծես շտապես ստեղծել ալիբի նրա վրա առկա վնասածքներն արդարացնելու համար։ Հարցազրույցը վկայում է, որ մեր զինվորի նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչով էլ թերեւս պայմանավորված է Կարմիր Խաչի ներկայացուցիչների տեսակցության ձգձգումը։

 

Միջազգային կառույցներն աչք են փակում անգամ Ադրբեջանի կողմից ռազմագերու հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի խախտման փաստի վրա: Ըստ այդ միջազգային, իրավական ակտի, պատահական սահմանը հատած գերուն որևէ բան չպետք է պարտադրվի, նրան անգամ հրապարակային ելույթ չի կարող պարտադրվել:

 

Մինչդեռ, Հակոբ Ինջիղուլյանի հեռուստատեսային ելույթն առաջին դեպքը չէ: 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Թթուջուր գյուղից դարձյալ պատահմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հովիվ Մանվել Սարիբեկյանին ևս այս երկրում պարտադրվել էր հեռուստատեսությամբ ներկայացնել իրենց հորինած պատմությունները:

 

Մասնագիտական փորձաքննության արդյունքում ակնհայտ էր դարձել, որ այն նկարահանվել էր հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Իսկ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն տարածեցին Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին։

 

Այս և բոլոր նախորդ ցավալի փորձերը ցույց են տալիս, որ նման դեպքերում ամեն վայրկյանը թանկ է: Ադրբեջանի կամայականություններն անարձագանք թողնելով միջազգային կառույցները, ըստ էության կիսում են այդ երկրի հետ հայ գերու կյանքի նկատմամբ պատասխանատվությունը:

 

Փոխարենը մնում է հավատալ, որ հայաստանյան կողմը կանի ամեն հնարավորը հայ զինվորին ողջ և առողջ հայրենիք վերադարձնելու և այդ առաքելությամբ օժտված միջազգային կառույցների անգործության նկատմամբ ի վերջո ցույց կտա իր պահանջատեր ու կոշտ դիրքորոշումը:

 

 

Նելլի Դանիելյան