ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձան ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի՝ ՕԵԿ առաջնորդի մասին որակմանը, նշեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել մի մարդու կարծիք, ով առանց իր անցյալին նայելու որակումներ է տալիս: «Յուրաքանչյուր մարդ որևէ մեկին քննադատելուց առաջ պետք է նայի իր անցյալին», - նշեցին նրանք:

 

Հանդիպմանը ներկա լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ը նայում է իր անցյալին, Բիշարյանն արձագանքեց այսպես. «ՕԵԿ-ը քո տարիքին կուսակցություն է, ունի մեծ կենսագրություն»:

 

 Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ՕԵկ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, գրել էր. «Դժվար է Արթուր Բաղդասարյան լինել: Դրա համար պետք է գիրք գրես առաջին նախագահի մասին,պաշտպանես երկրորդին,սեղմես երրորդի մեկնած ձեռքն ու փախցնես Ծառուկյանի գնդակներից մեկը»: