Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.

 

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պլանավորվում է անցկացնել այս տարվա վերջին. գրում է APA ադրբեջանական գործակալությունը' հղում կատարելով ՌԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը: Համանախագահը նշել է, որ դա այն հարցերից մեկն է, որը քննարկվել է Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Պոպովը նշել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայնություն է տվել նման հանդիպում կազմակերպելու համար: Համանախագահները այսօր կմեկնեն Երևան: Այնտեղ մենք կքննարկենք այդ հարցը նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի կողմից պաշտոնական հայտարարություն կարվի: Հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կկայանա այս տարվա վերջին:

 

***

 

Գարեգին Բ-ն՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ: Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար:

 

***

 

ԱԺ արտաքին հարաբերությունների եվ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները սկսել են Հայաստանի եվ ԵՄ-ի միջեվ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի վերաբերյալ քննարկումները: Այդ համաձայնագրի իրականացումը հնարավորություն կստեղծի Հայաստանի եվ ԵՄ միջեվ ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսություն սկսելու համար:

 

***

 

ՌԴ-ից վտարված և դեպորտի ենթարկված անձինք այլևս քաղաքացիություն չեն ստանա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի, արգելվում է քաղաքացիություն տրամադրել այն անձանց, ովքեր երբևէ վտարվել կամ դեպորտի են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության տարածքից: Համապատասխան գործող օրենսդրության' Ռուսաստանից վտարված անձինք 5 տարի շարունակ իրավունք չունեն քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել: Սակայն այն անձինք, ովքեր դեպորտի կամ հետընդունման են ենթարկվել միջազգային համաձայնագրերի հիման վրա, իրավունք ունեն մեկնել արտասահման և անմիջապես նման դիմում ներկայացնել:

 

***

 

Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվականի բյուջեի քննարկումները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ազգային ժողովում պարզաբանումներ տվեց Հայաստանում շաբաթ օրը զանգվածային հոսանքազրկման վերաբերյալ: «Շաբաթ օրը' 10.24 րոպեին, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից. մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ»,-ասաց Արմեն Մովսիսիյանը' հավելելով, որ Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էկելտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը օգտագործել:

Նախարարը նշեց, որ ատոմակայանը գտնվում է վերանորոգման և լիցքավորման փուլում: «Որպեզի լուրջ վթար չլինի, անջատել են էներգահամակարգը, ուղիղ երկու րոպե հետո' միացրել։ Իրանի համակարգը, քանի որ շատ հզոր համակարգ է, շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ միացավ, իսկ մենք միացանք մի փոքր ուշ, և որպեսզի անհարկի վթարներ չլինեն, մենք հոսանքազրկեցինք և աստիճաբար արդեն հզորություն տրվեց նախ անվտագության հետ կապված օբյեկտներին և հետո' սպառողներին։ Ամբողջ այս վերականգնման ժամկետը տևեց երեքուկես ժամ։ Ասեմ, որ հիմնականում բոլորը կատարվեց նորմատիվների սահմանում»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

 

***

 

Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվականի բյուջեի քննարկումները: Ազգային ժողովում էր Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ շինարարության տեմպերը դանդաղել են, այնուհետև հարցով դիմեց քաղաքաշինության նախարարին. «Ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տեմպերի ավելացման համար, օրենսդրական նախաձեռնությո՞ւն»։

Պատգամավորի այս հայտարարությանն արձագաքնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը. վերջինս խնդրեց տարբերել շինարարական նորմերը քաղաքաշինական կանոններից: «Համատարած քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտում չկա»,-ասաց Արեյանը։

«Հանրային հնչեղություն ունեցող հանրային շարժումներ կան, ու պետք է լուծում գտնել, չի կարելի հանրային իրադարձությունների ներքո միայն լուծել այդ խնդիրները, պետք է օրենսդրական լուծում գտնել: Օրինակ՝ ի՞նչն է խանգարում, որ Վրաստանի նման իրականացնենք նախագծերը, մեկ պատուհանի սկզբունքով հաստատվեն»,-հարցրեց Մելքումյանը: 

Վերջինիս ի պատասխան' Արեյանն ասաց. «Իմ մանկության երազանքը չէ նմանվել Վրաստանին: Սպանեցիք էլի՝ «Վրաստաʹն, Վրաստաʹն», ի՞նչ կա այնտեղ»:

 

***

 

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոսել է տրանսպորտի սակագնի թանկացման մասին և համոզմունք հայտնել, որ հարյուր դրամ սակագին սահմանելու դեպքում հնարավոր չէ նորմալ երթևեկություն իրականացնել:

Լրագրողներն ասել են, թե բազմաթիվ վերլուծություններ կան, որոնց համաձայն տրանսպորտի սակագինը 100 դրամ պետք է կազմի, փոխքաղաքապետն ասել է. «Դրա համար հաշվի ենք նստում բոլոր վերլուծությունների հետ, առանց խուսափելու, ընդունում ենք բոլոր առաջարկները, և հանձնաժողովը կիրականացնի մանրակրկիտ վերլուծություն ու կտա պատասխան»,- ասել է նա ու հավելել, որ հաշվի են առնվելու բոլոր գործոնները՝ և սոցիալական, և անվտանգության, և որակական:

Կամո Արեյանը, սակայն, դժվարացել է պատասխանել, թե թանկացման ամենաբարձր շեմը որը կլինի. «Որքան է՝ չեմ կարող ասել: Հանձնաժողով է աշխատում, ընդգրկված են լայն խավեր, տարբեր ներկայացուցիչներ, ընդունվում են բոլոր առաջարկներն առանց խտրականության, ամենայն բարեխղճությմաբ, համբերատար քննարկվում են բոլոր առաջարկները»:

 

***

 

Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան: Իրենց իսկ բնորոշմամբ' սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ: Հայ Ազգային Կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսևորում, հայտարարում է, որ նման ճղճիմ մեթոդները վկայում իշխանության օրեցօր թուլացման մասին, և հոգեվարքի դրսևորում են:

 

***

 

ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը, ի պատասխան Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածում լարված ռազմական իրավիճակի և ճանապարհի փակ լինելու հետ կապված լուրերի՝ MediaMall.am-ին փոխանցել է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների իմ ընկերների ինձ ուղղված զանգերի' կապված ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածի միջպետական գլխավոր ճանապարհը փակ լինելու հետ' ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, սակայն վտանգավոր որևէ բան չկա: Այն ուղղակի փակ է անվտանգության նկատառումներով: Մենք ապրում ենք մեր սովորական առօրյա հոգսերով ու գործերով և բոլորին խնդրում ենք սենսացիա և ապատեղեկատվություն չտարածել»:

 

***

 

Նոյեմբերի 4-ին վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2101 մակնիշի 06 ՍՍ 538 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 5-ամյա Լիլիթ Պետրոսյանին և 35-ամյա Քրիստինե Պետրոսյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել էր անօգնական և ավտոմեքենայով դիմել փախուստի: 

ժամեր անց ոստիկանության Սևանի բաժին է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ 25-ամյա Հովնան Գուլանյանը: Վերջինս ոստիկանություն է ներկայացել Սևանի հիվանդանոցից, որտեղ գնացել էր իր կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով այսօր առավոտյան Ծովագյուղում 2 հոգու վրաերթի ենթարկելուց հետո: Հ. Գուլանյանը ոստիկանությունում խոստովանել է, որ վրաերթից հետո ինքը փախուստի չի դիմել, պարզապես վախենալով հաշվեհարդարից, հեռացել է ավտոմեքենայով և մեկ այլ ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց:

 

***

 

Այսօր' նոյեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 26 շենքի բակում կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մահացածը նշված շենքի 6-րդ հարկի բնակչուհի 27-ամյա Նազելի Սարգսյանն էր, ով ըստ տեղեկությունների, պատուհանները լվանալու ժամանակ անզգուշությամբ վայր է ընկել: 

 

***

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղին հարակից անտառում ծառից կախված տղամարդու դի հայտնաբերման փաստով: Ահազանգ ստանալով ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, եկել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Հ-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում մասնավորապես գրված է եղել. «Ես գրում եմ այն մասին, որ ոչ ոք մեղավոր չի իմ մահվան համար: Ես սաղից շնորհակալ եմ ինձ օգնելու համար, ամենաշատը իմ ընտանիքից եմ գոհ: Նրանք ինձ ուղղում էին, բայց ես չէի ուղղվում, որովհետև ես իմ ընտանքին արժանի չէի…», - և այլն: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:

 

***

 

Իրարանցում եւ քաշքշոց. թեժ կրքեր Սայաթ-Նովա 10-ում: «ԼԱՐԿՈ Գրուպ» ՍՊԸ-ն Սայաթ-Նովա 10/5 հասցեում փորձում է սկսել կառուցապատման աշխատանքները: Նախատեսվում է կառուցել հինգհարկանի բազմաֆունկցիոնալ շենք, և դա առաջացրել է հարակից շենքերի բնակիչների զայրույթը: Այնտեղ է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը: Բնակիչներն ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց բակը' սպասելով քաղաքապետարանի ներկայացուցչին:

 

***

 

Գրիպի եվ սուր շնչառական վարակների համաճարակ հանրապետությունում չկա, այդ առումով իրավիճակն այսօր կարելի է գնահատել հանգիստ, հայտարարել է առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Մի փոքր աշխուժացումը, որը կար սեպտեմբերի վերջին եվ հոկտեմբերի սկզբին, արդեն կայունացել է: Այդուհանդերձ Մասնագետը կոչ է արել զգոն լինել եւ առաջին իսկ ախտանշանի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի: Նա նաեվ կոչ է արել զերծ մնալ հակաբորբոքայիններից, քանի որ դրանք որեւէ կերպ չեն ազդում վիրուսների վրա:

 

***

 

2013 թ. նոյեմբերի 4-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը ՝

1. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.2 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

3. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ (Կոտայքի մարզ, Զովունի գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

4. Հ-5 «Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.1 կմ (Կոտայքի մարզ, Նոր Գեղի գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: