ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դիմակավորված կոտրել է Ք. Բ.-ին պատկանող տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, դանակի և խաղալիք ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի և նրա 13-ամյա դստեր՝ անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցը Ք. Բ.-ին պատկանող ավտոմեքենայով առևանգել է նրանց, տեղափոխել ամայի տարածք, որտեղ Ք. Բ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն և բռնաբարել նրան:

 

Մեղադրյալ Էդգար Վարագյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով ու 138-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ավելի վաղ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ առաջադրված մեղադրանքում Էդգար Վարագյաննն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո' 2013 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում, նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք. Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան' առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները:

 

Էդգար Վարագյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմում են ներկայացրել նաև վերջինիս ծնողները:

 

 

«Փաստինֆո»