ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ: Ոստիկանին մեղսագրվում են արարքներ, որոնք համապատասխանում են Քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածների հատկանիշներին:

 

Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը 22.09.2013 թվականին ուրիշի' առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված՝ կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Է.Ս.-ի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին:

 

Այնուհետև Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով' նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի' 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել նրանց պատկանող առանձնապես խոշոր չափի' 4.127.396 ՀՀ դրամի գույք' 3.213.009 ՀՀ դրամին համարժեք' 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր' 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ՝ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք' 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպես՝ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ:

 

Այնուհետև Էդգար Վարագյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ տուժողներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրաբար տեղավորել է իրենց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի' ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք: Էդգար Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նյրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն:

 

Դրանից հետո Էդգար Վարագյանը, նույն սպառնալիքներով, Ք.Բ.-ի կամքին հակառակ' սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում' նշված ավտոմեքենայով հեռացել է: Հետագայում մեքենան թողել է Երևանի Քանաքեռ թաղամասի տարածքում:

 

Ավելի վաղ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ առաջադրված մեղադրանքում իրեն առաջադրված մեղադրանքում Էդգար Վարագյաննն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո' 2013 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք.Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան' առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները: Էդգար Վարագյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմում են ներկայացրել նաև վերջինիս ծնողները:

 

 

«Փաստինֆո»