«Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին այսօր հրավիրել էին ՀՔԾ՝ հայտնելու համար, որ նախաքննությունը վերսկսվել է և մեղադրանքի ծավալում փոփոխություն է կատարվել: Հիշեցնենք, որ Ա.Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածներով՝ 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 333-րդ (Սուտ մատնությունը):

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն հրաժարվել է 333-րդ հոդվածից, և որ այս հոդվածով նրան մեղադրանք առաջադրելն ի սկզբանե աբսուրդ է եղել, «բայց նաև անհասկանալի է, թե ինչու են հրաժարվել»,- ասաց Կիվիրյանը: Վերջինս նաև նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը չունի որևէ բանական տրամաբանություն:

 

Կիվիրյանի խոսքով՝ նախաքննական մարմինը «պեղել» է, որ նա ունի անչափահաս՝ մինչև 3 տարեկան երեխա, իսկ այդ պարագայում նրա վրա տարածվում է համաներման ակտը, որից Կիվիրյանը հրաժարվել է՝ կրկին անգամ պահանջելով, որ իր դեմ ապօրինություն իրականացրած բոլոր անձանց ենթարկեն պատասխանատվության: Ի դեպ, վաղը ևս Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ՝ նախաքննության ավարտի մասին հայտնելու համար, որից հետո հավանաբար 316-րդ հոդվածով գործը կուղարկվի դատարան: