Ընդդիմությունը մտադիր չէ կատարել Գերագույն ռադայի ընդունած համաներման մասին օրենքի պայմանները և ազատել գրաված վարչական շենքերը: Այդ մասին հայտարարել է Անկախության մայդանի ճամբարի պարետ Անդրեյ Պարուբիյը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով УНН-ին: Մայդանի պաշտպանությունը, նրա խոսքով, կուժեղացվի, որպեսզի չկարողանան ցրել այնտեղ հավաքված ցուցարարներին:
Այն, որ ընդդիմությունը համաձայն չէ կատարել համաներման մասին օրենքի պայմանները, հայտնել է նաև ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը՝ ելույթ ունենալով Անկախության մայդանում հավաքվածների առջև:
Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է բողոքի ակցիաների մասնակիցների պատասխանատվությունից ազատում, բացի խիստ ծանր հանցագործություն իրականացրածներից, Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հունվարի 29-ի ուշ երեկոյան: Փաստաթղթի համաձայն՝ համաներումը կիրականացվի միայն այն պայմանով, եթե ցուցարարները ամենաուշը 15 օրից ազատեն իրենց գրաված վարչական շենքերը և արգելափակումից հանեն տրանսպորտային կապերը: Ընդդիմադիր ֆրակցիաների ներկայացուցիչները այդ օրենքի նախագծի համար չեն քվեարկել: