ԱՄՆ Պետդեպարտամենտն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության իրավունքի ոտնահարումների կապակցությամբ: Այս անգամ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննադատել է Թուրքիայից ընդդիմադիր հայացքներով ադրբեջանցի լրագրողի արտաքսումը: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին այս մասին հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք հույս ունենք, որ Թուրքիան հետևողական կլինի խոսքի և հավաքներ իրականացնելու ազատության իրավունքների հարցում: Մենք կարծում ենք, որ բազմակարծիք ԶԼՄ-ները որոշիչ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար»,- ասել է Պսակին' մեկնաբանելով ադրբեջանցի լրագրողին Թուրքիայից արտաքսելու վերաբերյալ հարցը:

 

Նա ընդգծել է, որ Պետդեպարտամենտն ուսումնասիրելու է կատարվածը' հավելելով, որ ԱՄՆ-ն եղել և շարունակելու է մնալ աշխարհում խոսքի ազատության պաշտպանը:

 

Թուրքական Todays Zaman թերթի ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովն արտաքսվել էր թվիրթերյան գրառումներ կատարելու համար: Լրատվամիջոցների համաձայն' իր գրառումներում Զեյնալովը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումով' փետրվարի 4-ին արգելվել է ադրբեջանցի լրագրողի մուտքն այդ երկիր: Թուրքիայի վարչապետի աշխատակազմը Զեյնալովին մեղադրել էր դեկտեմբերի վերջին «Թիթեր»-ում կեղծ հայտարարություններ անելու, ատելություն և թշնամություն տարածելու մեջ:

 

Լրագրողի արտաքսումն արդեն իսկ քննադատության է արժանացել ԵԱՀԿ-ի կողմից: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ասել է, որ քննադատական գրառումների համար լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսումը ևս մեկ հետքայլ է Թուրքիայում մամուլի ազատության ծանր վիճակի համար: