ԱՄՆ Պետդեպարտամենտն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության իրավունքի ոտնահարումների կապակցությամբ: Այս անգամ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննադատել է ընդդիմադիր հայացքներով ադրբեջանցի լրագրողի' Թուրքիայից արտաքսումը: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին:

 

«Մենք հույս ունենք, որ Թուրքիան հետևողական կլինի խոսքի և հավաքներ իրականացնելու ազատության իրավունքների հարցում: Մենք կարծում ենք, որ բազմակարծիք ԶԼՄ-ները որոշիչ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար»,-ասել է Պսակին:

 

Նա ընդգծել է, որ Պետդեպարտամենտն ուսումնասիրելու է կատարվածը' հավելելով, որ ԱՄՆ-ն եղել և շարունակելու է մնալ խոսքի ազատության պաշտպանն աշխարհում:

 

Թուրքական Todays Zaman թերթի ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովն արտաքսվել էր թվիրթերյան գրառումներ կատարելու համար: Լրատվամիջոցների համաձայն' իր գրառումներում Զեյնալովը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը մեղադրում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

 

Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշումով' փետրվարի 4-ին արգելվել է ադրբեջանցի լրագրողի մուտքն այդ երկիր: Լրագրողի արտաքսումն արդեն իսկ քննադատության է արժանացել ԵԱՀԿ-ի կողմից: