Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում տեղի հայկական ու թուրքական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, քննարկման ընթացքում ցուցադրվել է Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հետ հարցազրույցի ձայնագրությունը:

 

«Հրանտ Դինքի սպանության օրը մեզ բոլորիս դարձրին այս հանցագործության ականտեսը: Դինքի հանցագործությունը քայլ առ քայլ իր նախապատրաստմամբ և իրագործմամբ տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Եվ մենք պարզապես հետևեցինք դրան' այնպես, ինչպես տարիներ ի վեր իրագործվող մյուս հանցագործություններն ու ցավերը»,- նշել է Դինքի ընտանիքի փաստաբանը:

 

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել:

 

Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ:

 

Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: