«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորման ակնառու ղեկավարներից Աբու Սահիբ ալ Լիբին սպանվել է սիրիական բանակի հետ բախումների ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Ռակկա քաղաքում ականապատ մեքենայի պայթույնի հետևանքով: Աբու Սահիբ ալ Լիբիի հետ սպանվել են նաև 6 զինյալներ:

 

Թեժ մարտեր են ընթանում Դամասկոսի օդային պաշտպանության գլխավոր վարչության շենքի մոտ, միևնույն ժամանակ տանկերի ռմբակոծության է ենթարկվում մայրաքաղաքի հարավային ալ Կադա թաղամասը: Բացի այդ, սիրիական օդային ուժերը ռազմական օդանավերով հարձակումներ են իրականացնում Յաբրուդ քաղաքի վրա: Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացրել են, որ Սիրիայի ազատ բանակը հարձակվել է բանակին պատկանող Դարաայի մերձակայքում գտնվող անցակետի վրա, ինչպես նաև վերահսկողություն է հաստատել Հալեպի միջազգային օդանավակայանի ճանապարհին գտնվող անցակետի վրա: Մյուս կողմից Համա յի շրջանի Քաֆրզիթա քաղաքը ռմբակոծության է ենթարկվում: Բախումները շարունակվում են նաև Հալեպում: Մի քանի հրասանդներ են ընկել Հալեպի Աշրաֆիե, ալ Միդան, Ջաբրիա, Սեյֆ ադ Դաուլա թաղամասերի վրա: Տեղեկություններ են ստացվել նաև, որ «ԴԱԻՇ» խմբավորումը վերահսկում է Հալեպի արևելքում գտնվող Մանբաջ գյուղի Կարա Կազուաք կամուրջը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման ղեկավարներից մեկը, որ ռազմական գործողություններ էր ծավալում Համայի Մուրք քաղաքում, իր զինակիցների հետ սպանվել է Ադրա քաղաքում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է 120 հազարից ավելի մարդ, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: