Ստամբուլում գնդակահարել են Չեչնիայում ահաբեկչության գլխավոր գաղափարախոսներից մեկի' Մովլադի Ուդուգովի ազգական Աբդուլվահիդ Էդիլգիրիեւին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է International Press Medya-ն:
Սպանությունը կատարվել է Էդիլգիրիեւի տան առաջ: Ականատեսների խոսքով' հարձակվողները երկուսն են եղել: Ներկայում ոստիկանությունը պարզաբանում է տեղի ունեցածի հանգամանքները:
Սպանվածի փեսան' Իսա Ումարովը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Իմարաթ Կավկազ» խմբավորման անդամ: Ինքը' Էդիլգիրիեւը եղել է Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված «Կավկազկենտրոն» ինտերնետային ռեսուրսի ադմինիստրատորը:
Մովլադի Ուդուգովը գլխավորել էր ինքնահռչակ Իչկերիայի հանրապետության տեղեկատվության եւ հրատարակչության նախարարությունը, զբաղեցրել էր Իչկերիայի նախագահ Ջոհար Դուդաեւի մամուլի քարտուղարի պաշտոնը: Նա եղել է նաեւ «Իչկերիայի եւ Դաղստանի ժողովուրդների կոնգրես» ահաբեկչական կազմակերպության ստեղծողներից եւ ղեկավարներից մեկը: