Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing 777-200 անհետացած ինքնաթիռի ուղեւորների ընտանիքները կստանան 31 հազար յուանի (5,1 հազար դոլար) չափով փոխհատուցում: Այդ մասին հայտնել են ավիափոխադրողի ներկայացուցիչները:
Դրամական միջոցների հանձնումն այն ընտանիքներին, որոնք այս պահին գտնվում են Պեկինում, կսկսվի արդեն այսօր: Ուղեւորների ազգականների մի մասը, որոնք սպասում Էին MH370 չվերթի ժամանմանը Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրից, ինքնաթիռի հետ կապի կտրվելու մասին հաղորդագրություններ ստանալուց հետո տեղավորվել Է մայրաքաղաքի օդանավակայանից ոչ հեռու գտնվող հյուրանոցներում:
Ներկայում շարունակվում են անհետացած ինքնաթիռի որոնումները: Փրկարար-որոնողական գործողությունների տարածքն ընդլայնվել Է մինչեւ 100 քառակուսի ծովային մղոն: Որոնողական աշխատանքներում գործի են դրված Մալայզիայի, Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի ավիացիան եւ նավերը:
Ինչպես հաղորդել Է «Ցզեֆանցզյուն բաո» թերթի կայքը, ՉԺՀ-ն 10 արբանյակ կօգտագործի մալայզիական Boeing-777 կորած ինքնաթիռը գտնելու համար: Արբանյակների հիմնական խնդիրը լինելու Է որոնողա-փրկարարական աշխատանքների շրջանում երկրի մակերեւույթի բարձրորակ նկարահանումները: Դրանք նաեւ կապահովեն օդերեւութաբանական իրադրության մոնիթորինգը եւ կապը գործողության մասնակիցների միջեւ: Բացի այդ, ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Չինաստանը խոստացել Է որոնողական աշխատանքների նպատակով կարգավորել նավիգացիայի իր «Բեյդոու» արբանյակային համակարգի հուսա լի աշխատանքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Ուորենը լրագրողներին հայտնել է, Պենտագոնը երկրորդ ռազմանավը՝ Kidd էսկադրային ականակիրն է ուղարկել Հարավչինական ծով՝ գտնելու «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing-777-200 ինքնաթիռը: Մինչ այդ ԱՄՆ-ը որոնողական աշխատանքներում գործի էր դրել Pinckney էսկադրային ականակիրը եւ P-3C Orion ռազմական ինքնաթիռը:
Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղեւորներ եւ անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երեւանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Այդ պահին հանրանավը գտնվում էր Հարավչինական ծովի վրա՝ Կոտա-Բարու քաղաքից 120 ծովային մղոն հեռավորության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացիներ, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի եւ Նիդեռլանդների՝ մեկական քաղաքացիներ: