Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախապատրաստում է մի շարք խորհրդանշական միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նիդեռլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Մասիս Աբրահամյանը, իրենք իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները համապատասխանեցրել են Եվրոպայում գործող Հայ դատի մյուս հանձնախմբերի հետ: «Փոխանակվել ենք առաջարկություններով ու մի շարք գործողություններ կան, որ միասին պետք է անենք»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Նրա տեղեկացմամբ' Նիդեռլանդներում իրենք պատրաստվում են ստեղծել մի տեսահոլովակ, ուր հայտնի հոլանդացիները կոչ կանեն աշխարհին, որ իրենց ջանքերը ներդնեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Նիդեռլանդները սկզբունքորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մյուս մեր նախաձեռնությունն այն է, որ 100-րդ տարելիցի ապրիլի 24-յան ցույցին որքան հնարավոր է շատ մարդ մասնակցի, շատ քաղաքական ու հասարակական գործիչներ ներկա լինեն»,-ասաց Մասիս Աբրահամյանը' տեղեկացնելով, որ իրենք ներկայում նաև բանակցում են Նիդեռլանդներում գտնվող բոլոր եկեղեցիների հեÕ ¿, որ ապրիլի 24-ին որևէ խորհրդանշական ժամի բոլոր եկեղեցիների զանգերը հնչեն ողջ երկրով մեկ:
Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նաև հավելեց, որ որքան էլ 100-ամյա տարելիցը որպես տարեթիվ նշելը լավ գործ է և լավ առիթ աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար, բայց դա չի նշանակում մյուս տարիներին չպետք է լավ պատրաստվել: «Ինչքան շատ աշխատանք տանենք, այնքան լավ: 100-րդ տարելիցը լայնածավալ միջոցառումներով նշելը չի նշանակում, որ 101-րդ, 102-րդ տարելիցները պակաս կարևոր տարեթվեր են լինելու մեզ համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք մինչև հասնենք մեր նպատակներին»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ու գործող Հայ դատի հանձնախմբերը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացնում են քաղաքական, մշակութային, կրթական մի շարք իրազեկման ծրագրեր' ուղղված Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչմանը: