Ուկրաինան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին. ինչպես տեղեկացնում է segodnya.ua-ն, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը։

 

«Այսօր որոշում է կայացվել խորհրդակցությունների նպատակով Հայաստանից հետ կանչելու Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային»,- հաղորդել է նա՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

 

Արտգործնախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Կիևը Հայաստանից պաշտոնական տեսակետ է ակնկալում՝ Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։

 

Ավելի վաղ ևս հաղորդվել էր, որ Ուկրաինան Մոսկվայից հետ է կանչել իր դեսպանին։

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացասական հետևանքներ էր կանխատեսել՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ Ղրիմի միացումը ՌԴ-ին ընդունելու դեպքում։

 

Ճեպազրույցի ժամանակ երկրի արտգործնախարարի տեղակալ Դանիլո Լուբկիվսկին ասել էր, որ Ուկրաինան անհանգստացած է այն հաղորդագրություններով, որոնք վերաբերում են հայկական կողմի դիրքորոշմանը։

 

Լուբկիվսկին տեղեկացրել էր, որ ուրբաթ արդեն 2-րդ անգամ ԱԳՆ է կանչվել Ուկրաինայում Հայաստանի դեսպանը, և նրան ասվել է Ղրիմի իրավիճակի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման մասին։ Նա նաև նշել է, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայկական իշխանություններին էր փոխանցել Ուկրաինայի դիրքորոշումը պարզաբանող նոտան։