Թուրքական բանակի տանկերով եւ ուղղաթիռներով զինված ստորաբաժանումները մտել են Սիրիա եւ աջակցություն են ցուցաբերում սիրիացի ընդդիմադիրների «Ազատ Սիրիայի բանակ» կազմավորման զինյալներին: Նման հաղորդագրություն է տարածել Հունաստանի ռազմական շրջանակներին մոտ կանգնած defencenet.gr ինտերնետային կայքը:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական տանկերն ու ուղղաթիռները Սիրիայի տարածքում օժանդակություն են ցուցաբերում «Ազատ Սիրիայի բանակ»-ին' Ալ Քաիդայի սիրիական թեւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կոչված խմբավորումների հետ Ալ Սահարայի եւ Քեսաբի տարածաշրջաններում ընթացող մարտերում: Նշվում է, որ Քեսաբի մոտակայքում հիշյալ խմբավորունների միջեւ թեժ մարտերը շարունակվում են, եւ թուրքական զինուժի աջակցությամբ արդեն ծանր հարված է հասցվել Սուլեյման շահի դամբարանից 4 կմ հեռավորության վրա գտնվող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ստրաբաժանումներին:

 

Սիրիական ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել էին, որ Քեսաբի եւ Լաթաքիայի մոտ մարտերում 500-ից ավելի իսլամիստներ են ոչնչացվել:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանելու Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանը, որը հսկվում է թուրք զինվորների ջոկատի կողմից:

 

Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1921թ. ստորագրված եւ հետագայում Լոզանում ընդունված պայմանագրի համաձայն' Սուլեյման շահի դամբարանի գտնվելու վայրը համարվել է թուրքական հող: Հետագայում տարածքը կառուցված ջրամբարի տակ մնալու պատճառով Սուլեյման շահի դամբարանը 1973-ին տեղափոխվել է հյուսիս' թուրքական սահմանին մոտ, որը պահպանվում է թուրքական զինվորների կողմից:

 

Ներկայում այն գյուղը, որտեղ գտնվում է դամբարանը, անցել է Ալ Քաիդային կից «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ: