Ք. Երևան, 31 մարտի, 2014թ. Մարտի 28-ին ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց իր 10-րդ սպասարկման կետը ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում:

 

Նոր ռեստորանը գտնվում է ԵրևանՄոլի երկրորդ հարկում: Ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 200քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: Ռեստորանի ինտերիերը ձևավորված է ժամանակակից ոճով, որի գլխավոր առանձնահատկությունն է ամառային հարմարավետ վերանդան:

 

«Առաջին անգամ է, որ մենք ռեստորան ենք բացում առևտրի և զվարճանքի կենտրոնի տարածքում: Կարծում ենք, որ սա ևս մեկ կարևոր քայլ է հաճախորդամետ ռազմավարության շրջանակներում: Խոշոր առևտրի կենտրոնների բացման հետ մեկտեղ քաղաքի ենթակառուցվածքը և բնակիչների սովորույթները փոխվում են: Առևտրի կենտրոնում գնումներ կատարելը, միանշանակ, հարմար է, և մենք մեր հաճախորդներին հնարավորություն ընձեռեցինք այցելել իրենց սիրելի ԿԱՐԱՍ-ը նաև շոպինգի ժամանակ», - նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

 

Կարևոր է նշել, որ ռեստորանը չի մտնում ֆուդ-կորտի տարածք, այլ առանձին տարածք է զբաղեցնում: Ռեստորանն ունի նաև մանկական զվարճանքների համար նախատեսված հատուկ տարածք, ինչի համար սրահը բաժանվում է երկու մասի՝ ծխողների և չծխողների:

 

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները' արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն: Ռեստորանն աշխատում է ամեն օր 10:00-22:00:

 

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 4 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 2 ռեստորան քաղաքի կենտրոնում, 1 drive thru ֆորմատի ռեստորան Լենինգրադյան 1/1 հասցեում, 1 ռեստորան ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում և 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 70 հազար հաճախորդի: