Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե Աշխատավորների միջազգային օրվան նվիրված երբեմնի շքերթների և այլ տոնական միջոցառումների անհրաժեշտությունը չի տեսնում, և ըստ այդմ էլ՝ քաղաքապետարանը տոնին նվիրված որևէ միջոցառում չի կազմակերպում: Միաժամանակ՝ նա վստահեցրեց, որ մայիսի 1-ին «յուրաքանչյուր աշխատավոր ընտանիք այս կամ այն կերպ իր մայովկան նշում է»։

 

Դիտարկմանը, թե անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև աշխատավոր չկա՞, նա արձագանքեց. «Ինչո՞ւ, աշխատավոր կա´, բայց այն երբեմնի ոգին, որ դուք ուզում եք տեսնել, երևակայեք, որ չեք տեսնելու»։

 

Արամ Սուքիասյանը դա մի շարք երևույթներով պայմանավորեց. «Առանձնապես գոհ չեն իրենց վարձատրությամբ, մի շարք մարդիկ աշխատանքի իրավունք, հնարավորություն ու կարողություն ունեն, բայց, ցավոք, գործազուրկ են, այսինքն' միշտ չէ, որ որևէ երևույթ կարելի է տոնակատարության վերածել, տոն սարքել, ճիշտ հակառակը' որևէ տոն, որևէ միջոցառում գալիս է՝ խորհելու, մտորելու առիթ տալու և ևս մեկ անգամ ոլորտի նկատմամբ ուշադրություն սևեռելու»:

 

Մեր հարցին, թե ըստ նրա՝ արհեստակա՞ն կլիներ, եթե նույն ոգով միջոցառումներ լինեին, պատասխանեց. «Կարծում եմ՝ այո´, գուցե կարելի էր անել ինչ-որ բաներ, բայց եթե դա համաքաղաքային տոնախմբության չի վերածվելու, ուրեմն՝ կարիքը չկա ավելի հանրայացնելու»:

 

Իսկ հարցին, թե գուցե դա քարոզչական աշխատանքի բացակայության հետևանք է, և նախկինում լավ էին տոնում, որովհետև հետևողական քարոզչություն էր տարվում, Արամ Սուքիասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կան գերտեսչություններ, որոնք կարծես թե ավելի մոտ են ոլորտին, քան Երևանի քաղաքապետարանը։ Ճիշտ կլինի՝ հացն ուղղեք իրենք»։

 

Ինչ վերաբերում է տեսակետին, թե աշխատանք կա, սակայն մարդիկ ուղղակի չեն ցանկանում աշխատել, ապա Սուքիասյանը նկատեց. «Անշուշտ, պարբերաբար ասվում է նման բան, բայց սա ամենայն հավանականությամբ՝ պայմանավորված է աշխատավարձի ցածր լինելու խնդրով, նաև՝ բարդույթներով' բարձրագույն կրթության հետ կապված: Յյուրաքանչյուր անձն ինքն է որոշում' որքան է հարիր իրեն տվյալ մասնագիտությամբ աշխատանքի ացնելը»: