Ջրասուզակները մայիսի 14-ին հայտնաբերել են խորտակված «Սեւոլ» լաստանավի եւս հինգ զոհված ուղեւորների մարմինները: Արդյունքում ողբերգության զոհերի ընդհանուր թիվն աճել Է մինչեւ 281: Եվս 23 ուղեւոր համարվում Է անհայտ կորած: Այդ մասին հայտնել են կառավարության՝ Չինդո կղզում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչները:

 

Վատ եղանակի պատճառով եռօրյա ընդմիջումից հետո մայիսի 14-ի օրվա երկրորդ կեսին վերսկսվել են որոնողական աշխատանքները: Գիշերը ջրասուզակները կարողացել են մեկ ժամով անցնել ջրասույզ եղած նավի ներսը, բայց մարմիններ այդպես Էլ չեն գտել: Առավոտյան ժամերին նրանց սուզմանը խանգարել Է ուժգին մակընթացային հոսանքը: Որոնումները կատարվել են նավախոհանոցում եւ երրորդ եւ չորրորդ տախտակամածերի ցռուկային մասի նավախցիկներում, ինչպես նաեւ հինգերորդ տախտակամածում՝ նավապետի կամրջակի վրա:

 

Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնող «Սեւոլ» լաստանավը՝ 6 հազար 825 տոննա ջրատարողությամբ, ջրասույզ Է եղել ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարեւմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, ընդ որում նրանց մեծ մասը կազմել են Անսան քաղաքի դպրոցներից մեկի բարձրդասարանցիները: Երբ նավն սկսել Է խորտակվել, կարողացել Է փրկվել սոսկ 172 մարդ:

 

Այժմ ջրասուզակների համար աշխատանքի պայմաններն Էլ ավելի են բարդացել այն պատճառով, որ սկսել են քանդվել կորպուսի կառուցվածքի ներքին միջնորմներն ու բաղադրատարրերը հենց այն տեղերում, որտեղ կատարվում են որոնողական աշխատանքները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: