ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հուլիսի 11-ին հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պալատի լրատվական ծառայությունից, քաղաքապետի հետ Փաստաբանների պալատի նախագահը քննարկել է Գյումրիում գրասենյակ չունեցող փաստաբաններին անհատույց գրասենյակային տարածք տրամադրելու հարցը, որի փոխարեն փաստաբանները ամսական առնվազն մեկ անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն քաղաքի և մարզի բնակիչներին: Ըստ Արա Զոհրաբյանի, Շիրակի մարզում գործում է 38 փաստաբան, նրանցից 36-ը միայն Գյումրի քաղաքում:

 

Գյումրի քաղաքում 6 փաստաբաններ գրասենյակով ապահովված չեն և անհրաժեշտություն կա այդ փաստաբաններին գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծել:

 

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորել է փաստաբանական ծառայության տրամադրման անհրաժեշտությունը և նշել, որ երկրաշարժ վերապրած գյումրեցու համար պետք է վերականգնել հավատը, որը ժամանակին կորել է:

 

Արա Զոհրաբյանն էլ իր հերթին նշել է, որ Պալատի միջոցներով կկահավորեն տրամադրվող տարածքը և հարմար պայմաններ կստեղծվեն թե՜ քաղաքացիների և թե՜ փաստաբանների համար:

 

Գյումրի կատարած այցի շրջանակներում Պալատի նախագահը հանդիպել է նաև մարզի փաստաբաններին, նրանց հետ քննարկել առկա խնդիրները: Արա Զոհրաբյանը անդրադարձել է գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանի շուրջ բարձրացված աղմուկի մասին: Նրա խոսքով, փաստաբանների պալատը կանգնած է յուրաքանչյուր փաստաբանի կողքին և պաշտպանելու է նրա մասնագիտական գործունեության ընթացքում ոտնահարված իրավունքները:

 

Զուգահեռաբար հուլիսի 11-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի փաստաբանների համակարգողի ընտրություններ: Ընտրությունների արդյունքում Շիրակի մարզի համակարգող է ընտրվել փաստաբան Հայկ Հարությունի Հարությունյանը: