Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը և ՌԴ-ի, Արևմուտքի և Ուկրաինայի ևս 15 խոշոր գործարարներ, այդ թվում Forbes-ի ցուցակից, կառավարություններին կոչ են արել շուտափույթ լուծելու ուկրաինական ճգնաժամը, որը, նրանց խոսքով՝ լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, և պատրաստ են օգնելու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Որպես Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևմուտքի երկրների գործարար հանրակցության անհանգստացած ղեկավարներ՝ մենք մեր կառավարություններին կոչ ենք անում գնալու փոխզիջման և գտնելու շարունակվող ճգնաժամի խաղաղ լուծումը: Եթե մենք կարող ենք օգնել այդ գործընթացին, երջանիկ կլինենք անելու դա»,- ասված է հայտարարության մեջ, որն օգոստոսի 19-ին հրապարակվել է Virgin ընկերության հիմնադիր Բրենսոնի կայքում:
Դիմումի տակ, բացի հենց Բրենսոնից, ստորագրել են ռուս և ուկրաինացի գործարարներ. «Սվյազնոյ» խմբի գլխավոր տնօրեն Դենիս Լյուդկովսկին, Novikov Group-ի հիմնադիր Արկադի Նովիկովը, «Ռոլֆ» խմբի հիմնադիր – Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պետրովը, Արդի զարգացման ինստիտուի ղեկավար Իգոր Յուրգենսը, Foodline Group-ի հիմնադիր Մաքսիմ Իվանովը, EastOne Group-ի հիմնադիր Վիկտոր Պինչուկը, Concorde Capital ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Մազեպան, КM Core-ի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Ուտկինը:
Բացի դրանից, փաստաթուղթն ստորագրածների թվում են. բրիտանացի գործարար Մոհամեդ Իբրահիմը, Unilever-ի գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը, eBay-ի համահիմնադիր Ջեֆրի Սքոլը, հնդիկ ձեռնարիչ, Tata Group կոնգլոմերատի տնօրենների խորհրդի նախագահ Ռաթան Թաթան, բանգլադեշցի բանկիր Մուհամեդ Յունուսը, WhatsApp-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Յան Քումը և Paypal-ի համահիմնադիր Մաքս Լևչինը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: