Վերստին աճում է այն շոտլանդացիների թիվը, ովքեր պատրաստ են ապրել Միացյալ Թագավորության կազմում, տարածաշրջանի բնակիչների կեսից ավելին պատրաստ են հրաժարվել անկախության գաղափարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Daily Record հրատարակության կողմից անցկացված հարցման տվյալները:
«Նոր հարցումը ցույց է տալիս, որ շոտլանդացիների 53 տոկոսը քվեարկելու է հօգուտ այն բանի, որ Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում: Անկախության կողմնակիցներին կաջակցեն 6 տոկոսով պակաս ընտրողներ»,- նշում է հրատարակությունը, հայտնելով, որ հարցմանը մասնակցել են արդեն որոշում կայացրած հազար ընտրողներ:
Հարցման տվյալները հրապարակվել են սեպտեմբերի 10-ի երեկոյան՝ խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների Էդինբուրգ ուղեւորությունից եւ տարածաշրջանի բնակիչների առջեւ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ելույթից հետո:
Օրերս հրապարակվել էին սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնք առաջին անգամ անկախության կողմնակիցների թվաքանակի գերազանցում էին արձանագրել դրա հակառակորդների նկատմամբ, թեեւ ավելի վաղ անցկացված բոլոր հարցումները հակառակն էին ցույց տալիս:
Այն դեպքում, եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ի հանրաքվեում քվեարկի անկախության օգտին, 2016 թվականի մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: