Նիդերլանդների Թագավորությունում հաստատվել է Ոկրաինայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների թվից 211 անձանց ինքնությունը: Այս մասին հայտարարել է թագավորության անվատանգության և արդարադատության նախարարությունը:
«Մեկ շաբաթում հաջողվել է հաստատել 18 անձանց ինքնությունը, որոնցից 11-ը եղել են Նիդերլանդների քաղաքացիներ, իսկ 7-ը' այլ երկրների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասվում է հայտարարության մեջ: Ինչպես ընդունված է նման դեպքերում, առաջինն այդ մասին տեղեկացրել են զոհվածների հարազատներին: Օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը չի նշվել այդ երկրների դեսպանությունների խնդրանքով:
Նախարարությունը հայտարարել է , որ արվում է հնարավոր ամեն բան վթարի զոհերի ինքնության արագ բացահայտման համար, սակայն գործընթացը հնարավոր է ձգձգվի ևս մի քանի ամիս:
Երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն հայտնել է, որ Նիդերլանդները լրացուցիչ անձնակազմ է ուղարկել Խարկով: Նրա խոսքով' դա հնարավորություն կտա ավելի արագ իրականացնել զոհերի մարմինների մնացորդների և անձնական իրերի հայտնաբերումը:
Միևնույն ժամանակ, Նիդերլանդների կառավարության ղեկավարը նկատել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը թույլ չի տալիս մասնագետներին վերադառնալ այնտեղ, իսկ թե երբ կկայունանա իրավիճակը, դեռ անհայտ է: