Թուրքիայում Քուվեյթի դեսպան Աբդուլլահ Աբդուլազիզ ալ-Դուվաիքը հայտարարություն է արել' կապված դեսպանատան աշխատակիցների կողմից թուրք ռազմական օդաչու Հաքան Քարաքուշին ծեծելու մեղադրանքների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ntvmsnbc.com գործակալությունը, դեսպանը նախազգուշացրել է, որ եթե առանց դատական որոշ ման իրենց դիվանագետներն արտաքսվեն, ապա քուվեյթցի ներդրողները կհեռանան Թուրքիայից, քանի որ այլևս չեն վստահի այս երկրին:

 

Աբդուլազիզ ալ-Դուվաիքը պնդել է, որ իրականում օդաչուին ծեծի է ենթարկել այլ մարդ, իսկ իրենց աշխատակիցներն այդ նույն ժամանակ գտնվել են բանկում: Նա վստահեցրել է, որ իր խոսքերն ապացուցող նյութեր կան:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քուվեյթի դեսպանատնից այն դիվանագետները, ովքեր, ըստ ենթադրության, իրենց մասնակցությունն էին ունեցել միջադեպում, կանչվել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչություն բացատրություններ տալու: