Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում դենգե տենդով հիվանդացածների թիվը հասել Է 21 հազար 527-ի, վեց մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Գուանդունի առողջապահության դեպարտամենտը:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր 18 հազար վարակվածների եւ չորս մահացածների մասին: Առողջապահության տեղական դեպարտամենտը շարունակում Է օրական գրանցել վարակվելու ավելի քան հազար դեպք:

 

Չինաստանում դենգե տենդի ներկայիս համաճարակն ամենալուրջն Է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում Գուանդունի նահանգում գրանցվել Էր հիվանդանալու ընդամենը 694 դեպք: Բժիշկները համաճարակի պատճառներ են համարում օդի բարձր ջերմաստիճանը եւ բարձր խոնավությունը նահանգում, որտեղ վիրուսը տարածող մոծակների թիվը հինգ անգամ գերազանցում Է նորման:

 

Դենգե տենդը տարածում Է մոծակների Aedes Aegypti հատուկ տեսակը, որոնք բազմանում են լճացած մաքուր ջրում: Ինկուբացիոն շրջանը շարունակվում Է հինգից-տասն օր: Տենդը, որի դեմ գոյություն չունի ոչ հուսալի պատվաստանյութ, ոչ դեղորայք, բնութագրվում Է ջերմության հանկարծակի բարձրացմամբ, որը շարունակվում Է հինգ-յոթ օր, գլխացավով, հոդերի ուժեղ ցավերով, երբեմն ցանով:

 

Վիճակագրության համաձայն՝ դենգե տենդով աշխարհում տարեկան հիվանդանում են արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրների 50 միլիոնից մինչեւ 100 միլիոն բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: