Արգենտինայի ամենամեծ տպաքանակն ունեցող թերթերից մեկում՝ «La Nación»-ում, այս շաբաթ տպագրվել է Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի պատասխան հոդվածը օրեր առաջ նույն թերթում տպագրված Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամմադ Ահմադզադայի հոդվածին, որտեղ Ադրբեջանի դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կարգավորման վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումներն ու տեսակետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դեսպան Մելիքյանի պատասխան հոդվածում, մասնավորապես, ասվում է.

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԼՂ ժողովուրդը և կառավարությունը Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին շարունակում են պաշտպանել իրենց ինքնորոշման իրավունքը այն տարածքներում, որտեղ բնակվել են դեռևս հայ ժողովրդի ձևավորման վաղ ակունքներից: Այնուհետև' 1923թ. միակողմանի և անարդարացի որոշմամբ Ղարաբաղն Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ ընդգրկելուց հետո, պատմական Արցախի հայ բնակչության կյանքն արմատապես փոխվեց. նրանց էթնիկ և ազգային իրավունքները ոտնահարվեցին, լեզուն և մշակութային ավանդույթները խստորեն սահմանափակվեցին, միջնադարյան հարյուրամյա հայկական վանքերում և եկեղեցիներում արգելվեց քրիստոնեական կրոնի դավանումը»:

 

Հոդվածում անդրադարձ է կատարվում 1988թ. ծավալված ԼՂ ազգային-ազատագրական շարժմանը, Արցախի անկախության հռչակման իրավական հիմքերին, շարժմանը հաջորդած սումգայիթյան ջարդերին և Ադրբեջանի ողջ տարածքում բնակվող հայ բնակչության առջև այդ ժամանակահատվածում ծառացած սպառնալիքներին:

 

«Անկախության ավելի քան 20 տարիները թույլ են տվել կերտել և զարգացնել ժողովրդավարություն, պետական մարմիններ, հակակշռել իշխանության ճյուղերը, անցկացնել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ: ԼՂ երիտասարդ սերունդն այլ կերպ չի պատկերացնում և ընդունում իր ապրելակերպը, քան ազատ և անկախ երկրում՝ զերծ Բաքվի ճնշող և խտրական քաղաքականությունից»:

 

Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, հոդվածում կարևորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը, ինչպես նաև հրադադարի պահպանումը, որը վերջին շրջանում հաճախակիորեն և շարունակաբար խախտվում է ադրբեջանական ուժերի կողմից: Անդրադարձ է կատարվում նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը և քաղաքացիական թռիչքների իրականացմանը, որի առնչությամբ հոդվածում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող սպառնալիքների կապակցությամբ, որոնք բացահայտորեն ոտնահարում են հակամարտության ցանկացած գոտում քաղաքացիական թռիչքներ իրականացնող ինքնաթիռների անձեռնմխելիությանը: