Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում անցկացված վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Փարիզի գնահատմամբ՝ Գերագույն ռադայի ընտրություններում քվեարկությունն անցել է «նորմալ, չնայած այն դժվարին պայմաններին, որոնցում այն տեղի էր ունենում»:

 

Ինչպես հաղորդել են Ելիսեյան պալատում, Ֆրանսիայի ղեկավարը իր զրուցակցին շնորհավորել է այն արդյունքների կապակցությամբ, որոնց հասել է նախագահական դաշինքը, ինչպես նաեւ վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»: Օլանդը հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ կոչ է արել «ամբողջովին կատարել» սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրված արձանագրությունը:

 

Օլանդը նաեւ ընդգծել է «ազգային երկխոսության վերսկսման եւ բարեփոխումների իրականացման կարեւորությունը, որոնց սպասում է Ուկրաինայի բնակչությունը», նշել են Ելիսեյան պալատում:

 

Ընտրական տեղամասերից ստացված տվյալների 97,17 տոկոսի մշակման արդյունքում Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարը «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն է:

 

Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի տեղեկատվության՝ Արսենի Յացենյուկի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 22,21 տոկոսը, նրան հաջորդում է Պյոտր Պորոշենկոյի դաշինքը՝ 21,82 տոկոս ձայներով:

 

Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի գլխավորած «Սամոպոմոշչ» կուսակցությունը հավաքում է ձայների 11,03 տոկոսը, Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,31 տոկոսը, Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը՝ 7,44 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,69 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: