«Ժողովուրդ» թերթը գրում է, որ շաբաթ օրը կայացել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

 

Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որքանով է հավաստի թերթի տեղեկությունը, սակայն ինձ այս հանդիպման հնարավորությունը չի զարմացնում:
Համենայն դեպս, եթե նույնիսկ նման հանդիպում չի եղել, կողմերն իրենց քայլերով նախապատրաստել են դա, այլ խոսքով՝ ներքաղաքական «բազարի» դաշտ գոյություն ունի:


Իշխանության ու Եռյակի հարաբերությունները, դասական իմաստով, դուրս են իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանությունից: Ինստիտուցիոնալ, արժեքային գաղափարական հատկանիշներով շատ քիչ տարբերություններ կան ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Երկու մինի համակարգերի էլիտաների բարքերը չափազանց նման են՝ թե քաղաքական հարթության մեջ և թե կենցաղում: Այս երկու ուժերն էլ, կարելի է ասել, նույն համակարգի ծնունդն են: Ինչ ուզում եք՝ դրեք այդ համակարգի անունը, դա արդեն ճաշակի ու ձևակերպումների հարց է: Ես դա կարող եմ կոչել «քրեաօլիգարխիկ», ուրիշ մեկն՝ այլ տերմինով:

 

2017-2018թթ-ին այդ համակարգի ներսում փոփոխություններ են սպասվում ու, բնականաբար, դրա«հանրապետականացած» ու «բարգավաճած» թևերը հարաբերություններ են ճշտում՝ «արևի տակ» իրենց տեղն ունենալու համար: Նրանց պայքարը քաղաքական չէ, ներհամակարգային, ռեսուրսային է: Մի կողմ թողեք ՀՀԿ ու ԲՀԿ գործիչների հրապարակային «փոխհրաձգությունները», Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական սատիրան կամ Րաֆֆի Հովհաննիսյանի ծիսականությունը: Այդ ամենը դեկորացիա է, մեր դեպքում՝ անճաշակ դեկորացիա:

 

Ազատության հրապարակն ու դրա հարթակը, հեղափոխությունը Գագիկ Ծառուկյանի համար նույնքան խորթ են, ինչքան Սերժ Սարգսյանի համար: Գուցե ավելի օտար ու խորթ:

 

Հանրահավաքի հարթակը՝ իր ձախողված նախագահացուներով, հրապարակն՝ իր մշտական այցելուներով ու «բերման ենթարկվածներով», Գագիկ Ծառուկյանի համար ընդամենը միջոց են՝ իշխանությանն իր ռեսուրսը ցույց տալու ու նրա հետ ավելի ուժեղ դիրքերից բանակցությունների նստելու համար:

 

Լևոն Զուրաբյանը կամ Արամ Մանուկյանը գուցե հավատան, որ Գագիկ Ծառուկյանի հետ գնում ենհեղափոխության՝ «համաժողովրդական շարժման» դեժավյուն վայելելու համար, սակայն դրան չի հավատում հասարակության զգալի մասը, նաև իշխանությունը, որին Եռյակի հանրահավաքները չխոչընդոտելը պետք էր՝ ԲՀԿ-ի «բերման ենթարկվածների» քանակը, որակը հասկանալու համար:


«Համաժողովրդական շարժումն» իշխանության գոյությանը չի սպառնում, սակայն կարող է որոշակիորեն խանգարել նրա վերարտադրության պլաններին: Սա իշխանությունը հասկացել է:

 

Ըստ այդմ, Սարգսյան-Ծառուկյան հանդիպում կկայանա, եթե, իհարկե, չի կայացել: Այս ֆոնինբացարձակապես երկրորդական է ԲՀԿ նախագահի հանդիպումը Եռյակի մյուս լիդերների հետ, որովհետև նույնիսկ երաշխավորված չէ, որ Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին կպատմի իր ու գործող նախագահի հանդիպման մասին



Սուրեն Սուրենյանց