Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի միաբանության հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանը Մայր Աթոռի ավագագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը միաբանության անունից օծման և գահակալության 15-րդ տարեդարձի առիթով շնորհավորել է Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին: Սրբազանն իր խոսքում անդրադարձ է կատարել այն բոլոր ձեռքբերումներին, որ արձանագրվել են եկեղեցական կյանքում Գարեգին Բ Հովվապետի գահակալության 15 տարիների ընթացքում:
Ոսկան Սրբազանը կարևորությամբ ընդգծել է նաև Մայր Աթոռում կատարված հսկայածավալ բարեկարգչական աշխատանքները, որոնց շնորհիվ Սուրբ Էջմիածինը նորովի և ավելի բարեզարդված է ներկայանում այցելու ուխտավորներին, իսկ հոգևոր կյանքը Հայրենիքում և Սփյուռքում տարբեր նորահաստատ կառույցների գործունեության և ծրագրերի իրականացման արդյունքում զարթոնք է ապրում:
Սրբազան Հայրը Նորին Սրբությանը մաղթել է խաղաղ և անվրդով հովվապետության երկար տարիներ' ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի մխիթարություն հավատավոր հայ ժողովրդի:
Այնուհետև Մայր Աթոռում համախմբված միաբաններին ողջունել և հայրապետական իր օրհնությունը բաշխել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը նախ իր մտորումներն է ներկայացրել անցնող տասնհինգ տարիների իր հովվապետական ծառայության ընթացքի վերաբերյալ' երախտագիտություն հայտնելով Մայր Աթոռի միաբաններին, որ հավատացել, վստահել և զորակցել են Հայոց Հայրապետին' կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրագործվել են այս տարիների ընթացքում:
Ապա Վեհափառ Հայրապետը, նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը հայտնելով Մայր Աթոռի միաբանությանը, հորդորել է միասնական ջանքերով, քրիստոնեական սիրո ոգով առավել պայծառացնել Ս. Եկեղեցին և արդյունավորել Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում, հայորդիների հոգիներում զորացնել հավատքն ու աղոթքը:
Խոսելով ժամանակի հրամայականների մասին' Գարեգին Բ Հայրապետն ընդգծել է, որ այսօր ժողովուրդն այլևս դեմքով դարձած է դեպի Եկեղեցին և պատրաստ է եկեղեցականին ընդունել իր հարկից ներս: «Վճռորոշ ժամանակ է Եկեղեցու համար: Թեև ունենք անբավարար թվով եկեղեցականներ, սակայն այդ պակասը կարող ենք լրացնել մեր ջանքերի բազմապատկումով: Այդպես կարող ենք արժանանալ մեր նախնյաց օրհնությանը», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը' պատգամելով միաբաններին առաքելության ու կոչման բարձր գիտակցությամբ և նվիրումով շարունակել իրենց օրհնաբեր սպասավորությունը հայ ժողովրդին:
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով Երկնավորից հայցել է պայծառ պահել ու պահպանել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, խաղաղ' Հայոց աշխարհը, և անսասան' հայոց պետականությունը:
Հանդիպումն ավարտվել է Հայրապետական մաղթերգով և «Պահպանիչ» աղոթքով: