Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի որդին' Մասրուր Բարզանին Եվրոպայի խորհրդարանում ունեցած ելույթում հանդես է եկել Թուրքիան ցնցող հայտարարությամբ:

 

Խոսելով «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ փեշմերգաների (իրաքյան Քրդստանի բանակի զինվորներ) միջեւ ընթացող մարտերի մասին, նա ասել է, որ Արեւմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) իրենք երբեք ահաբեկչական կազմակերպություն չեն համարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Firat լրատվական գործակալությունը:

 

«Մենք համաձայն չենք այն բանին, որ Եվրամիության ահաբեկչական ցուցակում նաեւ PKK-ն է ընդգրկված: ԵՄ-ն ցուցակից չէր հանում PKK-ին' ասելով, թե Թուրքիայում նախագահական ընտրություններ են, պատանդների ճգնաժամ է եւ այլն: Մենք դա ըմբռնումով ընդունեցինք, եւ մշտապես հույս էինք տածում, որ Թուրքիան կպայքարի ԻԼԻՊ-ի դեմ, ինչը չեղավ»,- քուրդ առաջնորդի որդին:

 

Մ.Բարզանին նշել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օդային հարվածները բավարար չեն, նա գանգատվել է, որ ԻԼԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններում Եվրոպան անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերում քրդերին:

 

«ԻԼԻՊ-ի դեմ կռվում ենք հանուն ազատ աշխարհի, սակայն, ազատ աշխարհը մեզ անհրաժեշտ սպառազինությամբ չի ապահովում: Եվրոպան պետք է քրդերի հետ ձեռք ձեռքի տված աշխատի, որպեսզի վերջ տրվի ահաբեկչությանը, ձեր մայրաքաղաքները զերծ մնան ահաբեկչական հարձակումներից: ԻԼԻՊ- ը կռվում է արդիական զենքերով, իսկ քրդերը' AK47 ինքնաձիգներով:

 

Օդային հարձակումները չեն կարող լուծել խնդիրը, ցամաքային ռազմական գործողություններ է պետք անցկացնել: Իմացեք, ձեզ համար լավ համարվող ամեն բան լավ է նաեւ քրդերի համար», -ասել է նա եվրոպացիներին:

 

PKK-ն 1980-ականներից սկսած Թուրքիայում քրդական ինքնավարություն ստեղծելու ուղղությամբ պարտիզանական պայքար է մղում:

 

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել էր, որ իրենց գլխավոր թշնամիներն են PKK-ն եւ Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն էլ հայտարարել է, որ ահաբեկչական չեն համարում ԻԼԻՊ-ին, որը հայտնի է Իրաքում եւ Սիրիայում գազանային զանգվածային սպանություններով, իսկ վերջին շրջանում էլ Իրաքի եզդիների ցեղասպանություն է իրականացնում:

 

Միջազգային եւ թուրքական բազմաթիվ պարբերականներ գրել են, որ թուրքական իշխանությունները զինամթերքով եւ գումարով աջակցում են ԻԼԻՊ-ին: