Գեղարքունքի մարզխորհրդի հերթական նիստը սկսելուց առաջ Գեղարքունիքի մարզխորհրդի անդամները, մարզպետարանի աշխատակիցները եւ նիստին հրավիրված այլ մասնակիցներ մարզխորհրդի նախագահ, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին պետական ու հասարակական ականավո ր գործիչ, Գեղարքունիքի առաջին մարզպետ Վլադիմիր Մովսիսյանի հիշատակը:


«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Վլադիմիր Մովսիսյանի մահվան համար ցավում, նրա անունը հարգանքով ու երախտագիտությամբ են հիշում թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները, թե՛ համայնքների առանձին ղեկավարներ, ովքեր աշխատանքի բերումով բախտ են ունեցել շփվելու մտավոր, մարդկային ու բարոյական բարձր հատկանիշներ ունեցող ղեկավարի հետ:

 

«Նա անգիր ճանաչում էր Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր քարն ու թուփը, նրա մշակին, հմայքները: Նրա հետ ամեն մի շփում ու աշխատանք մի յուրօրինակ դաս էր, մի անմոռաց ակնթարթ: Մեզանից յուրաքանչյուրը երջանիկ է, որ բախտ է ունեցել աշխատել հանրաճանաչ, հոգով ու մտքով հարուստ, հայրենասեր ու ժողովրդասեր նման անձնավորության ղեկավարությամբ: Ես բախտ եմ ունեցել նրա ղեկավարությամբ աշխատել ամենատարբեր ոլորտներում ու պաշտոններում, երբ նա ՀԿԿ կենտկոմի քարտուղար էր, փախստականների կոմիտեի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ: Նա նաև Արծվաշենի ժողովրդի հույսն ու հավատն էր»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շորժայի գյուղապետ, ծնունդով արծվաշենցի Սուլիկո Շուշանյանը: