25 տարի առաջ գոյությունը դադարեցրեց Գերմանիայի ներքին սահմանը՝ Բեռլինի պատը: Առաջիկա հանգստյան օրերին քաղաքը տոնելու է այդ իրադարձությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Գլխավոր միջոցառումները, ժողովրդական տոնախմբություններն ու համերգները պլանավորված են կիրակի օրը, իսկ նոյեմբերի 8-ին ծրագիրը կլինի ավելի պաշտոնական. երեկոյան կանցլեր Անգելա Մերկելը նախ հանդես կգա ճառով, իսկ այնուհետեւ Բերտոլտ Բրեհտի անվան «Բեռլիներ անսամբլ» թատրոնում ներկա կգտնվի տոնական համերգին:

 

Պատը կառուցվել է 1961 թվականին որպես «հակաֆաշիստական արգելապատնեշ», որով սոցիալիստական ԳԴՀ-ն սահմանազատվում էր իր արեւմտյան հարեւաններից: Պատը քանիցս վերակառուցել են, կիրառել փախուստները կանխելու նորանոր միջոցներ:

 

Արեւմտյան Բեռլինի պարագծով պաշտոնապես գործում էին մի ամբողջ շարք փողոցային անցակետեր: Միայն 1989 թվականին 160-կիլոմետրանոց պատը՝ որպես սահման, վերացվեց: Այժմ շատ տեղերում, որտեղ պահպանվել են պատի մնացորդները եւ հսկիչ անցակետերը, տեղավորվել են հուշահամալիրներ եւ թանգարաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: