Անցյալ շաբաթ ադրբեջանցի վահաբի (իսլամի սունի ուղղության ծայրահեղական հոսանք) մոտ 40 ընտանիքներ Սիրիա մեկնելու համար անցել են Թուրքիայի տարածք:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական azadxeber.az լրատվական կայքին հայտնել է Ֆարհադովների ընտանիքը: Այդ ընտանիքի 3 որդիներն իրենց կանանց եւ երեխաների հետ արդեն գտնվում են Թուրքիայի եւ Սիրիայի տարածքում:

 

Կայքին հասած տեղեկություններով' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու եւ կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական խմբավորումներին միանալու համար ադրբեջանցի 40 ընտանիքների մի մասին արդեն հաջողվել է անցնել թուրք-սիրիական սահմանը, իսկ մյուս մասը դեռեւս սպասում է Թուրքիայում:

 

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանից դուրս գալու ժամանակ կասկածներ չհարուցելու համար վահաբի տղամարդիկ սափրել են մորուքները, իսկ կանայք հանել են հիջաբները (մահմեդական գլխաշորերը) եւ կոսմետիկա օգտագործել:

 

Նրանց մեծամասնությունը վաճառել է անշարժ գույքն ու ունեցվածքը եւ հայտարարել, որ այլեւս Ադրբեջան չեն վերադառնալու:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ից: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազ մ հանուն հավատի) անել Սիրիայում: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը: