Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստանա, քանի դեռ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Դա ամենամեծ ազդանշանն է, թե ինչու պետք է Ղարաբաղը մասնակից լինի բանակցային գործընթացին: Միանշանակ, բոլորը խոսում են այն մասին, որ մինչև կոնֆլիկտի անմիջական կողմը չի մասնակցում և իր համաձայնությունը չի տալիս բանակցություններում քննարկվող առաջարկներին, տեակետներին, խնդիրը չի կարող հանգուցալուծվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ղուլյանը:
ԼՂՀ ԱԺ նախագահը ընդգծեց, որ ամենակոշտ դիրքորոշումն արտահայտում է Ադրբեջանը, որին ձեռնտու չէ ԼՂՀ ներկայաությունը բակացությունեներին, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի և՛ բանակցային գործընթացը նենգափոխվի, և՛ ձեևաչափը: «Բայց այն հանգամանքը, որ և՛ միջնորդները, և՛ բանակցություններում շահագրգիռ մյուս բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի, խոսում է նաև առաջիկա զարգացումների մասին»,- նշեց Ղուլյանը:
Հարցին' հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցն ԱԺ նախագահի կամ ՀՀ Նախագահի հետ քննարկվե՞լ է, Աշոտ Ղուլյանն այսպես պատասխանեց. «Ի դեպ, ասեմ, որ մենք մի քանի ժամ առաջ շատ հետաքրքիր և արդյունավետ հանդիպում ենք ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և այդ հանդիպումները, փաստորեն, մեր միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի ժամանակ արդեն որերորդ անգամ է' տեղի են ունենում:
Բոլոր այն հարցերը, որ հիմա հնչում են, մենք քննարկել ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ: Ինձ թվում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ բանակցությունների սեղանին վերադառնալու հարցը քննարկելու կարիք չունենք: Այնպես չի, որ մենք տարաձայնություներ ունենք այդ հարցով և պետք է քննարկենք ու ինչ-որ ընդհանուր լուծում գտնենք»,-նշեց նա:
Աշոտ Ղուլյանի խոսքով' ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու հետ կապված ամեն ինչ արվում է, իսկ խոչընդոտները ստեղծվում են Ադրբեջանի կողմից: