Ահա մոտենում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը և, վերաառաջադրվելով նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդը ցանկանում է ևս 5 տարի գլխավորել Հայաստանը' խոստանալով տանել այն դեպի «ապահով ապագա»:
Սակայն եկեք տեսնենք, թե որքանո՞վ է Սերժ Սարգսյանը կատարել 2008 թվականին ժողովրդին տված խոստումները, և, որպես օրինակ, վերցնենք գիտության ոլորտը:
Այսպիսով, նախագահի նախընտրական ծրագրում կարդում ենք.
«Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական և մտավոր ներուժը:
Հենց այս խնդրի լուծումն է, որ դռներ է բացելու ապագա բոլոր զարգացումների համար: Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական-կրթական համակարգ: Իսկ դրա նախադրյալները մենք լիովին ունենք:
Միակ կայուն արժույթը ժամանակակից աշխարհում լինելու է գիտելիքը, հետևաբար հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է»:
Համադրելով բավականին ճիշտ ու դիպուկ շարադրված այս գաղափարներն ու այսօրվա իրականությունը' կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
Սերժ Սարգսյանը ընդունում է, որ 2008 թվականին գիտության զարգացման համար բոլոր նախադրյալները կային:
ՀՀԿ առաջնորդը չի կատարել առնվազն գիտության ոլորտին վերաբերող իր խոստումները, քանի որ չի վերակառուցվել ոլորտը և ոչ մի գիտական (մտավոր) ներուժ չի միավորվել:
Ի հեճուկս այս 5 տարիներում հնչեցրած մտքերին ու գիտնականներին արված կոչերի' մինչև նախագահ ընտրվելը Սերժ Սարգսյանը գիտակցում էր գիտության կարևորությունը, իսկ ընտրվելուն պես, կարծես, մտքափոխ եղավ:
Նախագահն ընդունում է, որ գիտության ու կրթության վերակառուցումն է, որ պետք է դռներ բացեր ապագա զարգացման համար, իսկ քանի որ դա տեղի չունեցավ, ապա ապագա զարգացում չի լինի:
Եզրակացությունները թողնում եմ ընթերցողին: