Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը քաղաքապետարանի բարեկարգման ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է և հանձնվել շահագործման: Արդյունքում' շուրջ 500 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է երաժշտական դպրոց, որտեղ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում:

 

«Վերջին տարիներին քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում ավելի ու ավելի շատ տեղ է հատկացվում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններին, և ամեն տարի ավելի շատ թվով նման հաստատություններ են նորոգվում կամ հիմնանորոգվում: Ջեռուցման խնդիրն արդեն լուծված է, և այժմ մենք հնարավորություն ունենք գումարներն ուղղել այդ հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը: Այս տարի մենք նորոգեցինք 11 երաժշտական, 3 արվեստի դպրոցներ, 12 գրադարան: Նոր ոգված դպրոցներց է նաև երաժշտական այս դպրոցը»,- ասել է քաղաքապետը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև թիվ 92 մանկապարտեզ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով նախակրթարանում իրականացված աշխատանքների մանրամասները՝ տնօրենը նշել է, որ ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են մանկապարտեզի խմբասենյակները, ինչպես նաև շուրջ 1200 քմ բակային տարածքը:

 

Մանկապարտեզը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներով երեխաներին։ Հիմնանորոգված խմբասենյակներից երեքը նախատեսված են հենց այդ երեխաների համար: Բացի այդ, մանկապարտեզում կան նաև վերականգնողական թերապիայի համար հատկացված սենյակներ:

 

Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետն ընդգծել է, որ մանկապարտեզներում ջեռուցման խնդիրը հիմնովին լուծելուց հետո քաղաքապետարանն այսօր հստակ ծրագրեր է իրականացնում նաև նախակրթարանների հիմնանորոգման ու նոր գույքով ապահովելու ուղղությամբ: