ԱԺ-ում շարունակվեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը, որի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանին:
Հրանտ Բագրատյանը ցանկանում էր հասկանալ, թե որտեղ է բանակի չբավարարված կարիքների սահմանը: Պատգամավորի խոսքով՝ զինծառայողների բժշկական ապահովագրությունը, բնակարաններով ապահովությունը 20 տարի առաջ էլ է եղել խնդիր: Նրա կարծիքով՝ շատ բաներ են տրվել զինծառայողներին, քանի որ նրանք այսօր հնգապատիկ ավելի թոշակ են ստանում, քան ժամանակին նախագահ, վարչապետ կամ պատգամավոր աշխատած մարդը:
«Մենք, իմ կարծիքով, չափն անցել ենք, կա առաջնայնության աստիճան: Մենք բանակում ստանում ենք քիչ թե շատ որակավորված աշխատողներ, բայց վատ որակավորված պետական չինովնիկական ապարատ: Երբևիցէ մակրոմակարդակով քննարկե՞լ եք, թե Հանրապետության տնտեսության այս զարգացման մակարդակում ինչն է ճիշտ հատկացնել պաշտպանությամբ զբաղվող մարդկանց»,- հարցրեց Բագրատյանը:
Ըստ Կորյուն Նահապետյանի՝ այս խնդիրն ունի առանցքային նշանակություն: Պատգամավորը փաստեց, որ հանձնաժողովում և այլ հարթություններում քննարկվել են նշված խնդիրները:
«Մեր երկրի համար անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, մենք պետք է հասկանանք՝ ինչ միջոցներ ենք հատկացնում այս խնդրի համար: Այսօրվա դրությամբ, պետք է փաստեմ, որ իրականում մենք վերջին տարիների ընթացքում այս ոլորտի համար հատկացումները հիմնականում ուղղել ենք աշխատավարձերի տեսքով: Վերլուծություններն իսկապես ցույց են տալիս, որ մենք ունենք կարիքներ և այդ կարիքների բավարարման անհրաժեշտություն: Այսօր մեր զինծառայողներն ավելի բարձր պաշտպանության կարիք ունեն»,- պատասխանեց Կորյուն Նահապետյանը: