Ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողություն ապահովելու անկարողությունը Դոնբասում խաղաղության հասնելուն խանգարող գործոնն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականի պաշտոնակատար Ենս Թոյբերգ-Ֆրանձենը:

 

Հաշվետվությամբ հանդես գալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նա հայտնել է, որ վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում ամենակատաղի մարտական գործողություններն են դիտվել վերջին ամիսների ընթանում:

 

«Մարտական գործողությունների ինտենսիվության աճն ուղեկցվում է ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ ուղարկվող ծանր ռազմական տեխնիկայի, տանկերի եւ զինվորների ավտոշարասյուների վերաբերյալ ԵԱՀԿ-ի՝ պարբերաբար ստացվող հաղորդագրություններով: Այդ կապակցությամբ ոչ մի կասկած չկա, որ ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողություն ապահովելու անկարողությունն այն գործոնն է, որը շարունակում է խոչընդոտել խաղաղության հասնելուն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: Թոյբերգ-Ֆրանձենը նաեւ մտահոգություն է հայտնել ճգնաժամի հ նարավոր ձգձգման կամ «սառեցված հակամարտության» դրա վերածվելու կապակցությամբ:

 

Նրա խոսքով՝ տարածաշրջանում շարունակում է վատանալ հումանիտար իրադրությունը: «Սպասվում է, որ ձմռան ցրտերի վրա հասնելուն պես կաճի ներքին վերաբնակների թիվը: Այն դեպքում, եթե վերսկսվեն լայնամասշտաբ մարտերը, այդ թիվը կաճի երկրաչափական պրոգրեսիայով»,- նախազգուշացրել է նա:

 

Թոյբերգ-Ֆրաձենը հայտնել է, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղեւորվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը՝ տեղում գնահատելու իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: