Այս շաբաթ վերջանում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի 6-ամսյա նախագահությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը գրում է, որ Human Rights Watch կազմակերպության հետազոտող, Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գեորգի Գոգիան այդ առնչությամբ գրել է. «Առանց չափազանցության կարելի է ասել, որ այդ ժամանակահատվածում հարձակում է տեղի ունեցել կառույցի եւ նրա հիմնարար արժեքների վրա»:

 

Human Rights Watch կազմակերպությունը կոչ է անում պաշտոնական Բաքվի հետ խոսել խիստ:

 

«Ադրբեջանի ղեկավարությունը բարձրագոչ խոսեց երիտասարդների նկատմամբ քաղաքականությունից, սակայն երկրում բանտ նետեց երիտասարդ ակտիվիստներին, կեղծ մեղադրանքներով ձերբակալվեց Ադրբեջանի առաջատար իրավապաշտպանը, Ադրբեջանը չկատարեց քաղաքական դրդապատճառներ պարունակող մեղադրանքներով ընդդիմադիր ակտվիստի ձերբակալության վերաբերյալ դատարանի ընդունած վճիռը»,-գրել է Գոգիան:

 

Փորձագետը գրում է, որ «ցնցված է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթից» եւ «խիստ վախենում է իր ադրբեջանցի բարեկամների համար»:

 

«Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում ելույթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը զղջացած չէր երեւում: Նա չխոստովանեց երկրում մարդու իրավունքների ոլորտում որեւէ խնդրի առկայությունը եւ իրեն քննադատող յուրաքանչյուրին ստախոս անվանեց: Նրան լսելիս' ցնցվեցի, վախեցա' երկրում եւ դրսում նրան քննադատող գործընկերներիս եւ բարեկամներիս համար: Կատարվեց այն, ինչից վախենում էի ամենաշատը. վեհաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի խախտումները հանրայնացրած գործընկերներս այժմ կամ բանտերում են, կամ թաքնվում են, կամ էլ վախենալով հետապնդումից' հեռացել են երկրից: ԵԽ կոմիտեում նախագահության շրջանում Ադրբեջանը ուժեղացրել է ճնշումները. նվազագույնը 11 հոգի ձերբակալվել են, նվազագույնը 9 հոգի քաղաքական դրդապատճառներ պարունակող մեղադրանքներով, թերի դատական գործընթացներով տարբեր պատիժներ են ստացել», -գրել է նա:

 

Հեղինակը նշում է կեղծ մեղադրանքներով իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի ձերբակալության մասին: Գոգիան գրում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ ադրբեջանական կառավարության սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նպատակն անկախ խմբերին լռեցնելու համար նրանց միջազգային ֆինանսավորումը կտրելն է:

 

«Նախագահության ժամանակաշրջանում Ադրբեջանի կառավարությունը մարդու իրավունքների ճգնաժամ է ստեղծել ե՛ւ սեփական երկրում, ե՛ւԵվրոպայի Խորհրդում: Դա քննության առաջ է կանգնեցրել Եվրոպայում մարդու իրավունքների առաջատար կազմակերպություն հանդիսացող Խորհրդին: Եվրոպայի Խորհուրդը Բաքվի պահվածքը պետք է վատաբանի ամենախիստ արտահայտություններով եւ հստակ կերպով հայտնի, որ մինչեւ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածները չազատվեն եւ ճնշումները չվերանան, գործերն իրենց հունով չեն գնալու», -գրել է Գոգիան: